Իսրայելի լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պահանջով, ի պատասխան ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ուկրաինայի կողմից հակաիսրայելական բանաձեւի աջակցության, չեղարկվել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի այցն Իսրայել, որն այս շաբաթ էր նախատեսված: Այցի չեղարկման մասին հայտնել են «Հաարեց»-ը, Ynet կայքը, «Ռեշետ Բետ» ռադիոկայանը եւ այլ լրատվամիջոցներ:

Իսրայելի վարչապետի գրասենյակը դեռեւս չի մեկնաբանել Գրոյսմանի այցի չեղարկման մասին լուրը: Ուկրաինայի կառավարության կայքում այցի չեղարկման վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում:
Ուկրաինայի վարչապետի այցի չեղարկումը միակ քայլը չէ՝ ուղղված այն երկրների դեմ, որոնք ՄԱԿ ԱԽ-ում աջակցել են վիճելի տարածքներում Իսրայելի շինարարությունը դատապարտող բանաձեւին: Նեթանյահուն ԱԳ նախարարությանը նաեւ հանձնարարել է չեղարկել Սենեգալին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը եւ հայտարարել է Սենեգալի ԱԳ նախարարի հետ հանդիպումը չեղարկելու մասին, որը պետք է տեղի ունենար երեք շաբաթ հետո: Շտապ կարգով խորհրդակցության են կանչվել Նոր Զելանդիայում եւ Սենեգալում Իսրայելի դեսպանները:
Իսրայելի ԱԳՆ-ին կարգադրվել է դադարեցնել ՄԱԿ-ի 5 կառույցների ֆինանսավորումը, որոնք Իսրայելի նկատմամբ ավելի թշնամաբար են տրամադրված: Արտաքին քաղաքականության գերատեսչությանը հանձնարարված է վերլուծել Մակ-ի կառույցներին եւ Իսրայելում ՄԱԿ-ի առաքելությանն ուղղված բոլոր ծախսերը:
Իսրայելի լրատվամիջոցները հայտնում են, որ Նեթանյահուն հրաժարվել է Գրոյսմանին ընդունել, չնայած նա առաջին հրեան է, որն անկախ Ուկրաինայի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում: Որոշ հրապարակումներում հիշատակվել է, որ ՄԱԿ-ում հակաիսրայելական բանաձեւի օգտին քվեարկած Ուկրաինան եւ Ռուսաստանը վերջերս Իսրայելին էական օգնություն են ցուցաբերել անտառային հրդեհները մարելիս: Չհաստատված տեղեկություններով՝ Գրոյսմանը կողմ էր հանդես եկել, որ Ուկրաինան ձեռնպահ մնա ՄԱԿ-ի դատապարտող բանաձեւը քվեարկելուց, սակայն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն  ՄԱԿ-ում իր երկրի ներկայացուցչին հանձնարարել է այդ բանաձեւին աջակցել: