Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զրույցի է կանչել ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների դեսպաններին, որոնք քվեարկել են բանաձեւի օգտին, որով Իսրայելից պահանջվում է անհապաղ դադարեցնել պաղեստինյան հողերում բնակեցման քաղաքականությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակին:
«Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱԳՆ-ին հրահանգել է զրույցի հրավիրել ՄԱԿ ԱԽ-ի անդամ երկրների դեսպաններին, որոնք կողմ են քվեարկել բնակեցման քաղաքականության դեմ բանաձեւին: Խոսքն այն երկրների մասին է, որոնք Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեն»,- նշել են գրասենյակից: Դեսպանների հետ անհատական մակարդակով հանդիպումները կանցկացնեն Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի համապատասխան (ըստ տարածաշրջանների) տեղակալները, հավելել են գերատեսչությունից:
ՄԱԿ ԱԽ-ն դեկտեմբերի 23-ին բանաձեւ է ընդունել, որով Իսրայելից պահանջվում է անհապաղ դադարեցնել պաղեստինյան հողերում բնակեցման քաղաքականությունը: Բանաձեւին կողմ է քվեարկել ԱԽ-ի 15 անդամ երկրներից 14-ը, ԱՄՆ պատվիրակությունը ձեռնպահ է մնացել՝ անտեսելով բանաձեւն արգելափակելու մասին Իսրայելի խնդրանքը:
Բանաձեւը, որը հինգշաբթի նախապես առաջարկել էր Եգիպտոսը, բայց նույն օրն իսկ Կահիրեի կողմից քվեարկությունից հանվել էր, ուրբաթ ՄԱԿ ԱԽ-ում կրկին առաջարկել են Սենեգալը, Նոր Զելանդիան, Մալայզիան եւ Վենեսուելան:





























