ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում լավատեսության հիմքեր չկան: Այս մասին դեկտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ բյուրոյի «Հայ դատի եւ քաղաքական հարցերի» գրասենյակի  ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ նաեւ հոռետեսության հիմքեր չկան: «Քանի որ հստակ չէ, թե նախագահ Թրամփն ինչպիսի քաղաքականություն է վարելու: Տվյալ պահին դժվար է կանխագուշակել, թե ինչ իրադարձություններ տեղի կունենան»,- նշեց Կիրո Մանոյանը՝ շարունակելով, որ իհարկե, մեծ հարց է, թե Թրամփը տարածաշրջանում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Հայաստանի նկատմամբ ինչպիսի քաղաքականություն կվարի, երբ հաջորդ ամիս ստանձնի իր պարտականությունների կատարումը:

«Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները մեզ համար կարող են խնդիրներ ստեղծել կամ էլ հնարավորություններ բացել»,- նշեց Մանոյանը: