Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը դեկտեմբերի 26-ին կայացել է «Իմ անկախ Ղազախստան» թեմայով լավագույն տեղեկատվական նյութի մրցույթի հաղթողներին մրցանակներ հանձնելու հանդիսավոր արարողությունը։ Մրցույթը նվիրված էր Ղազախստանի անկախության 25-ամյակին։

Մրցույթի մասնակիցները պետք է աշխատանքները ներկայացնեին ռեֆերատի ու էսսեի ձեւաչափով։ Ղազախստանի դեսպանատան մրցանակներին են արժանացել մրցույթի 10 երիտասարդ մասնակիցներ,որոնցից ինը որոշ ժամանակ Ղազախստանում են ապրել։ «Գրան պրի» մրցանակակիր է դարձել Արայիկ Հովհաննիսյանը ( Ղազախստանի Պավլոդար քաղաքից) առաջին , երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Անդրանիկ Հովհաննիսյանը, Մարիամ Ավանեսյանն ու Անուշ Բրուտյանը։

Հայաստանում Ղազախստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի խոսքով, բոլոր ներկայացված աշխատանքները շատ հետաքրքիր էին։ «Ամենակարեւորը , այն ոգին, որը մրցույթի մասնակիցները փորձել են փոխանցել, ինձ մեծ հույս է ներշնչում, որ մեր ղազախստանցիները, ավարտելով համալսարաններ ու սկսելով ինքնուրույն ու լուրջ կյանքի ուղին, իրենց սրտում ու գլխում կունենան շատ դրական ազդակներ իրենց հետագա աշխատանքի համար՝ հանուն հայրենիքի բարօրության , հանուն մեզ շրջապատող աշխարհի ու միջավայրի բարելավման»,- նշել է Թիմուր Ուրազաեւը։ Ըստ դեսպանի, անհրաժեշտ է ամրապնդել այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հայրենասիրությունը, հարգալից վերաբերմունքը շրջապատող մարդկանց հանդեպ, կողքիդ նստած մարդուն հասկանալու ձգտումը, քանի որ նա կարող է լինել ուրիշ կրոնական միջավայրից, ուրիշ կրոնական խմբից։ «Բայց որքան էլ տարբեր լինենք մենք ՝ ամենակարեւորը, որ բոլոր այդ մարդիկ պետք է միավորվեն մեկ ընդհանուր սկզբունքով՝ մեզ շրջապատող աշխարհի կատարելագործելու ձգտումով»,- ամփոփել է Թիմուր Ուրազաեւը։