Ադրբեջանցի փորձագետների մեծ մասը ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության մակարդակը համարում են ցածր, մյուսներն էլ կարծում են, թե ավելիին հասնելն այսօրվա դրությամբ անհնար է։ Նման արդյունքներ է գրանցել տեղի 50 փորձագետների, քաղաքագետների, զինվորականների, լրագրողների ու ՈԿԿ ղեկավարների շրջանում ադրբեջանական «Զերկալո» թերթի անցկացրած
հարցումը։
Հարցման տվյալների համաձայն, ադրբեջանական փորձագետների մեծ մասը կարծում է, որ թեպետ և՛ Ադրբեջանը, և՛ ՆԱՏՕ-ն մտադիր են այսուհետ էլ զարգացնել հարաբերությունները, այնուամենայնիվ նրանք առայժմ պատրաստ չեն առավել բարձր մակարդակի կապերի հաստատմանը։
Միաժամանակ, հարցվածներից ոմանց կարծիքով, չնայած լայն հնարավորություններին, Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը զարգանում է ոչ բավարար չափով։
Հարցվածների մի մասը քիչ է հավատում նորմալ հունով Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության շարունակմանը։ Նրանց կարծիքով, այդ համագործակցության մակարդակը հակադարձ համեմատական է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությանը։ «Կովկասում Ռուսաստանի հեղինակության անկման ժամանակահատվածում Ադրբեջանը, աճման կարգով, առավել արդյունավետ էր համագործակցում ՆԱՏՕ-ի հետ։ Տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությունն այսօր համեմատելի չէ 10-15-ամյա վաղեմության հեղինակության հետ՝ ներկայումս ազդեցությունն առավել մեծ է։ Ռուսաստանը խանդով է վերաբերվում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայությանը և միանշանակորեն արտահայտել է իր դիրքորոշումը»,- նշել են հարցման որոշ մասնակիցներ։
Ինչպես ի մի է բերում թերթը, փորձագետները կարծում են, որ Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հարցերը դիտարկվում են «Նորին գերազանցություն Ռուսաստանի» հակազդեցության տեսանկյունից և «արջին» չկատաղեցնելու նպատակ հետապնդում։ Ոմանք էլ կարծում են, որ ՆԱՏՕ-ն արդեն «վեցերորդ մատի» տպավորություն է ստեղծում։ Այս և այլ պատճառներով հարցվածների մեծ մասը խոսել է Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում առկա դժվարությունների մասին։
Հարցվածների կարծիքով, ԱՄՆ-ի աջակցությամբ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կառավարության կողմից իրականացված Թուրքիայի ռազմական համակարգի ապամոնտաժումը լուրջ խնդիրներ է հարուցում արևմտյան տիպի ադրբեջանական ռազմական համակարգի ձևավորման համար, քանի որ հենց «թուրքական մոդելն է» նմուշի դեր կատարել Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում։ «Սակայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունում քաղաքական իշխանության ու բանակի միջև հակամարտությունը, երկրի վրա որպես ճնշման գործիք էթնիկ խաղաքարտի խաղարկելը կատարվում է Ադրբեջանի աչքի առջև, և դա հեղինակավոր որոշ շրջանակների, այդ քվում և Ռուսաստանին, հնարավորություն է տալիս թելադրելու իրենց պայմանները»,- նշում է թերթը։




























