Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների ցանկացած կարգավորում միայն օգուտ կբերի, այդ թվում եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը։ Այս մասին Ռուսաստան-Հայաստան հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, Միջազգային ինտեգրման ինստիտուտի նախագահ Միխայիլ Ստարշինովը՝ մեկնաբանելով Երեւանի ու Անկարայի կողմից հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների նախաստորագրման գործընթացը։ «Այն, ինչ արվում է Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների կողմից, չի խանգարի, այլ միայն կլավացնի համագործակցության փոխհարաբերությունները»,- նշել է նա։

Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ երկխոսությունը սկսված է, կողմերը ձեռք են բերել երկու փաստաթուղթ, որն արդեն ճեղքում է։ «Եթե այդ երկխոսությունը ավարտվի, նվազի լարվածությունը ու վերականգնվի պետությունների փոխգործակցությունը, ապա դա օգտակար կլինի ողջ Կովկասի համար»,- հայտարարել է Բորդյուժան։

Օգոստոսի 31-ին Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ-ներն ու Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտը տեղեկություն էին հրապարակել, որի համաձայն, Երեւանն ու Անկարան սկսում են քաղաքական երկկողմ խորհրդատվություններ՝ «Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին երկու արձանագրությունների շուրջ։ Փաստաթղթերի համաձայն, Հայաստանի ու Թուրքիայի ընդհանուր սահմանի բացումը նախատեսվում է «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում։