Դրամի նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով Հայաստանում պատրաստվում են կրկնապատկել պետության կողմից երաշխավորված բանկային ավանդների ծավալը` նախկին 2 մլն դրամի փոխարեն սահմանելով 4 մլն դրամ: Սակայն այս ավելացումը արտարժութային ավանդների չի վերաբերում: Ավելին, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունենա միաժամանակ եւ դրամային, եւ արտարժութային ավանդներ, ապա առաջնային կարգով երաշխավորվելու են դրամային ավանդները:

Նկատենք, որ 2009 թ. հունիսի դրությամբ ՀՀ ռեզիդենտների ավանդները բանկային համակարգում կազմել են 426 մլրդ դրամին համարժեք մոտ 1.1 մլրդ դոլար), որից 141 մլրդ դրամը կամ 33 տոկոսը` ազգային դրամով, իսկ 284 մլրդ-ը կամ 67 տոկոսը` արտարժույթով: Հատկանշական է, որ ավանդների կառուցվածքը հօգուտ արտարժույթի փոխվել է 2009 թ. ընթացքում` դրամի ֆիքսման ժամանակահատվածում` հունվար-մարտին: Իսկ 2008 թ. դեկտեմբերի դրությամբ ավանդների մեծ մասը եղել է դրամային: Այսպես, ռեզիդենտների ընդհանուր ավանդները համարժեք են եղել 388 մլրդ դրամին, որից 217 մլրդ-ը կամ 56 տոկոսը` դրամով: