Հայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Շահան Արծրունու Նյու Յորքի Քարնեգի Հոլլի բեմում տված համերգը, որտեղ նա ներկայացրել է հայ եւ թուրք կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ, միանշանակ չի ընդունվել:
Բանն այն է, որ համերգից օրեր առաջ սփյուռքյան մի քանի հայկական կազմակերպություններ դիմել էին անվանի երաժիշտին` հրաժարվելու մասնակցել մի միջոցառման, որը կազմակերպվել էր Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության եւ հետեւաբար` Թուրքիայի կառավարության կողմից եւ հովանու ներքո: Արծրունին անարձագանք էր թողել այդ դիմումը:
Համերգը շատ լավ է անցել, սակայն, համերգին դեմ հանդես եկող մի քանի հայ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել Քարնեգի Հոլի հարակից խաչմերուկում: Նրանք դեպի կենտրոն ուղղվող անցորդներին են բաժանել արյունոտ կիսալուսնով եւ Աղթամարի վանքի ու Անիի ավերված եկեղեցիների պատկերով մի քարտաթերթիկ, որի վրա գրված է եղել. «Առանց արդարության ոչ մի հաշտություն: Ոչ մի զիջում հանուն հաշտության: Հայ-թուրքական հաշտությունը նախեւառաջ ենթադրում է Հայկական Ցեղասպանության հարցում արդարություն ...»:
Չնայած ազգայնական երիտասարդների այս «բոյկոտին», սփյուռքահայ նյույորքցիների բավական բարձրաշխարհիկ մի զանգված այնուամենայնիվ տոմս էր գնել եւ գնացել համերգին:
Ծրագրում ներառված էին հիմնականում հայ կոմպոզիտորների գործեր` մասնավորապես Կոմիտաս, Սերգեյ Ասլամազյան, Էդվարդ Բաղդասարյան, Ալան Հովհաննես եւ Արամ Խաչատրյան: Ծրագրի մի մասը թուրքական ստեղծագործություններ էին` Ֆերիդ Ալնար, Յուքսել Կոպտագել, Ադնան Սայգուն եւ Չիհատ Աշկին: Վերջինս մասնակցում էր համերգին` որպես ջութակահար` կատարելով ինչպես հայկական այնպես էլ սեփական ստեղծագործությունները:
Համերգին մասնակցել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսն իր կնոջ հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ աշխարհահռչակ դաշնակահար Շահան Արծրունին Վանի Ախթամարի եկեղեցու բացման նախօրեին` հոկտեմբերի 18-ին Վանի Յուզունջու Յըլ համալսարանի մշակույթային կենտրոնում համերգ էր տվել, որին ներկա են եղել Վանի նահանգապետ Մյունուր Քարալօղլուն, Վանի ժանդարմերիայի հրամանատար, գեներալ Նազըմ Ալթընթաշը, Վանի գլխավոր դատախազ Մուստաֆա Ալփերը, փոխպատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ինչպես նաեւ մեծ թվով թուրք եւ հայ քաղաքացիներ:

Լուսանկարները` Զևա Դեմերոնիի





























