«Վեդոմոստի» պարբերականը հետաքրքաշարժ բացահայտումներ է հրապարակել Ռուսաստանի առաջին ալիքի` OPT-ի մասին: Պարբերականի տվյալներով, հնարավոր է, որ այլեւս Ռոման Աբրամովիչի ձեռքում չէ հեռուստաընկերության բաժնեմասերի 49 տոկոսը: Բորիս Բերեզովսկիի նախկին ունեցվածքն այժմ բաժանված է պետերբուրգյան եւ մոսկովյան ընկերությունների միջեւ: Պետերբուրգյան ընկերությունը գրանցված է Վլադիմիր Պուտինի համակուրսեցու ընկերության հետ մեկ հասցեում, իսկ մոսկովյանը` Աբրամովիչի ընկերուհու անունով:
Հայտնի է, որ «Առաջին ալիքի» համասեփականատեր Բորիս Բերեզովսկին, ում պատկանում է բաժնետոմսերի 49 տոկոսը, Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալուց հետո 2000 թվականին հայտնվեց Լոնդոնում: Նրա խոսքով, Կրեմլից նրան դիմել են միջնորդներ` առաջարկելով իրենց վաճառել իր բաժնեմասը հեռուստաալիքում եւ այլ ընկերություններում: Բերեզովսկին սկզբից հայտարարել էր, որ կնվիրի այդ 49 տոկոսը «Առաջին ալիքի» ստեղծագործական մտավորականությանը, սակայն հետո մտափոխ էր եղել եւ 2001 թվականի հունվարին այլ ակտիվների հետ մեկտեղ բաժնետոմսերի փաթեթը վաճառել նոր իշխանություններին մոտ կանգած Ռոման Աբրամովիչին:
Սակայն արդեն 2002 թվականին Աբրամովիչի մոտ մնացել էր միայն 24 տոկոսը:
Առաջին ալիքի 25 տոկոսն անցել է երկու անհայտ ընկերությունների, իսկ վաճառող ընկերություններն այլեւս գոյություն չունեն:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքում է, որ ինչ-որ մեկն իր ձեռքում է պահում OPT-ի բաժնետոմսերի փաթեթը` Պուտինի շահերից ելնելով: «Պետության ձեռքում է հսկիչ փաթեթը եւ միջնորդների միջոցով լրացուցիչ փաթեթի կարիք չունի»,-ասել է նա:




























