Նյարդային հիվանդությունները Հայաստանում եւ ամբողջ աշխարհում բավականին երիտասարդացել են. դրանց թիվն, անխոս, մեծացել է։ Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Երեւան քաղաքի գլխավոր նյարդաբան, Ազգային ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Էլմիրա Գեւորգյանը։
«Նյարդային հիվանդացությունների դեպքերի ավելացումը հետեւանք է հասարական կյանքում անձի ունեցած դժվարություններով, աշխատավայրում առկա ոչ այքան հարթ հարաբերություններով: Սրանք պատճառներ են, որոնք բերում են նաեւ բազմատեսակ նեւրոզների»,- նկատեց մասնագետը։
Նա որպես վերջին ժամանակներս Հայաստանում նյարդային հիվանդությունների ամենատարածված տեսակ առանձնացրեց ցրված սկլերոզը, որը, սակայն, նրա խոսքով, որեւէ կապ չունի սովորական սկլերոզի հետ։ «Այսօր ցրված սկլերոզն ամենատարածված նյարդային հիվանդություններից է։ Սա բավականին բարդ հիվանդություն է, եւ որ ամենակարեւորն է, ախտահարում է հիմնականում երիտասարդներին։ Սա վիրուսային հիվանդություն է, որը չպետք է շփոթել սկլերոզի հետ։ Դրա առաջին ախտանիշները կարող են լինել վատ քայլելը, վատ տեսնելը, ախտանիշներ, որոնք անձի կողմից սկզբում կարող են ընկալվել որպես տկարություն, որը որոշ ժամանակ անց կանցնի»,- ասաց նյարդաբանը՝ միաժամանակ ավելացնելով, որ այս անբուժելի հիվանդության ընթացքը դանդաղեցնելու համար բավական մեծ միջոցներ են հարկավոր՝ հաշմանադամությունից խուսափելու համար։ Էլմիրա Գեւորգյանի խոսքով, այս հիվանդությունը, սակայն, ժառանգաբար չի փոխանցվում։




























