«Հայ-թուրքական հարաբերությունների մեջ Հայաստանը պատրաստ է անցնել կոնկրետ գործնական քայլերի,սակայն Հայաստանի համար ի հայտ կգան որոշակի խնդիրներ, կառաջանան քաղաքական բանավեճեր»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց փորձագետ Ալեքսանդր Մարկարովն ու հավելեց. «Մենք այսօր կարող ենք խոսել տարածաշրջանային ինտեգրման մասին, սակայն, վտանգ կա, որ կարող ենք առնչվել իմիտացիոն գործընթացի հետ»։

«Հայ-թուրքական միասնական արձանագրությունները փաստաթղթեր են, որոնք հիմք են հանդիսանում երկու հարեւան պետությունների հարաբերությունների պարզաբանման համար։ Թուրքական կողմը օգտվելով այս բանակցություններից եւս որոշ չափով ակնկալում է որոշակի քաղաքական փոփոխություններ»,-ասաց նա, եւ շարունակեց. «Հաշվի առնելով ուժերի փոխհարաբերությունները խորհրդարաններում,կարող ենք ասել,որ երկու կողմերին էլ դժվար կլինի ազդել քաղաքական որոշման վրա։ Հայաստանն, իհարկե կվավերացնի այդ փաստաթուղթը, իսկ Թուրքիայում միանշանակ է, որ խնդիրներ կառաջանան»:

Մարկարովը վերջում հայտարարեց նաեւ, որ հարեւան պետությունների բաց սահմանը բացասական կողմ չի կարող ունենալ, եւ այս իմաստով, փաստաթղթի մեջ արձանագրված միտումները դրական են։