Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը` ՄԻԺԻ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է, թե չի ընդունում օգոստոսի 31-ի գիշերը Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ արձանագրությունների ստորագրումը:

«Այս փաստաթղթերում տեղ են գտել դրույթներ, որոնց մասին ՄԻԺԻ-ն եւ հայ հասարակության այլ շերտեր ահազանգել են դեռեւս ս.թ. ապրիլից սկսած` պահանջելով հրապարակել ապրիլի 22-ին Շվեյցարիայում ստորագրված „ճանապարհային քարտեզը“: Ի պատասխան ՄԻԺԻ-ի` ս.թ. ապրիլի 26-ի բաց նամակի` ՀՀ ԱԳՆ-ից ստացված պաշտոնական պատասխանում ասվում էր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններում նախապայմանների հարցն ի սկզբանե բացառվել է: Նույնը ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է իր ելույթներում»,- նշում են հայտարարության հեղինակները եւ հավելում. «Այնուամենայնիվ, օգոստոսի 31-ին ստորագրված արձանագրություններով ճանաչվում է հայ-թուրքական ներկա սահմանը` փաստորեն վերահաստատելով 1921թ-ին մեզ պարտադրված Կարսի պայմանագիրը, վերահաստատվում են պետությունների տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները, ինչը թուլացնում է հայկական կողմի դիրքերն Արցախյան հիմնախնդրի արդար ու հայանպաստ կարգավորման գործընթացում, նախատեսվում է, ի թիվս այլոց, նաեւ պատմական հարթության երկխոսություն սկսել համապատասխան ենթահանձնաժողովում, ինչը Հայոց ցեղասպանության ուրացմանն ու մեrժմանը ծառայող անթույլատրելի քայլ է. Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ պետական հետեւողական քաղաքականություն են վարում այս ուղղությամբ, հարվածել ու հարվածում են հայ ժողովրդին եւ իր տքնաջան պայքարին` հանուն հայոց ցեղասպանության իրավական ճանաչման ու հատուցման»:

ՄԻԺԻ-ն արձանագրում է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են դրժել իրենց պարտավորությունը` հաշվետվություն տալու հայ ժողովրդին ու հասարակությանը: «Նրանք ոչ միայն չհրապարակեցին „Ճանապարհային քարտեզը“, այլեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գնացին` ընդունելով Թուրքիայի հակահայ նախապայմանները, այն է` հայ ժողովրդի արդար իրավունքներն ու շահերը ոտնահարող եւ հայոց պետականության անվտանգությունը խափանող նախապայմանները»,- նշել են իրապաշտպանները՝ Ազգային Ժողովին կոչ անելով կտրականապես մերժել հայ ժողովրդի գոյությունն ու անվտանգությունը վտանգող այս երկու փաստաթղթերի վավերացումը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հանդես էին եկել մամուլի հաղորդագրությամբ, որի համաձայն Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունները՝ Շվեյցարիայի միջնորդությամբ, համաձայնել են սկսել ներքաղաքական խորհրդակցություններ հրապարակված բանակցային երկու արձանագրությունների շուրջ։ Դրանք «Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն են: