Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն գերիների փոխանակում կատարելու համար Հայաստանի նախագահն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է դիմեն Արցախի իշխանություններին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, հավելելով, որ դա պարտադիր է առնվազն համանախագահների դեպքում: Նրա խոսքով, Աստրախանի հռչակագիրն, իսկապես, հումանիտար բնույթ է կրում, բայց դա դրական արդյունք կտա միայն այն դեպքում, եթե խոսեն ուղիղ Արցախի հետ։
Անդրադառնալով ԵԱՀԿ ԽՄ համանախագահների հայտարարություններում հայկական կողմի համար ոչ ցանկալի ձեւակերպումների, մասնավորապես «Ստեփանակերտ» անվան կողքին նաեւ «Խանքենդի» հիշատակմանը, նա նշել է.
«Համանախագահները սկսել են Ստեփանակերտ/Խանքենդի գրել։ Նրանք սկսում են նորից տարածքներին ինչ-որ բնութագրումներ տալ: Ես, օրինակ կհամարեի ճիշտ, որ մեր կողմը պարտադրեր, պահանջեր, որ եթե դուք գրում եք Ստեփանակերտ/Խանքենդի, ուրեմն գրեք Լաչին/Բերձոր, Քելբաջար/Քարվաճառ։ Եթե պարիտետ, ուրեմն՝ պարիտետ»,-ասել է Վահան Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ռազմագերիների փոխանակմանը, դաշնակցական գործիչը նկատել է, որ օրինակ հովիվը, ում բանտում ոշտանգելով սպանել են, խաղաղ բնակիչ է, ոչ թե ռազմագերի, ռազմագերին այն է, երբ զենքը ձեռքին կռվողն է գերի ընկնում: Նա նաեւ նշել է, որ կամավոր սահմանն անցածներին պետք չէ հետ պահանջել:
«Հիմա պատկերացրեք, որքանո՞վ պարիտետային կարելի է համարել, եթե Ադրբեջանում կա հայ զինվոր գերի, իսկ Հայաստանում կա ադրբեջանցի զինվոր, որին այնքան են բռնաբարել իր զորամասում, որ ինքը փախել է Հայաստան։ Մենք այդ տղուն ինչպե՞ս հետ տանք Ադրբեջանին։ Իրան 20 տարով կմտցնեն բանտ՝ որպես ազգի դավաճանի։ Որքանո՞վ է հումանիտար նման երիտասարդին հետ հանձնելը, որ իր կամքով փախել է։ Կան, չէ՞, նաեւ Հայաստանից ինչ-որ փախածներ։ Ապուշություն է չէ՞, նրանց հետ պահանջելը։ Փախել ես, փախել ես. Հաջողություն»,- ընդգծել է Հովհաննիսյանը:




























