Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ խնդրի կարգավորման շուրջ կողմերին «ճանապարհային քարտեզ» ներկայացվի եւ ստորագրվի:
Այս մասին նա հայտարարեց այսօր` նոյեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հավելելով, սակայն, որ ինքն այդ կապակցությամբ կոնկրետ տեղեկատվություն չունի:
«Փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում կարող է հանկարծ գիշերը ճանապարհային քարտեզ ծնվել՝ առանց հասարակության, քաղաքական ուժերի գիտության։ Դրա համար էլ ասում եմ, որ չեմ բացառում»,- ասել է նա:
Վահան Հովհաննիսյանը նաեւ տարակուսանք է հայտնել, որ հայտարարվում է, թե ե՜ւ Հայաստանը, ե՜ւ Ադրբեջանը կողմ են արտահայտվում մադրիդյան սկզբունքներին: «Բա որ երկու կողմերը համաձայնությունը են տվել, ինչո՞ւ չեն ստրորագրում ինչ-որ մի վերջնական կամ նախա-նախա-վերջնական փաստաթուղթ։ Ուրեմն այդպես չէ»,- հռետորական հարց է ուղղել նա:



























