«Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչը, ով հայտարարում է, թե ինքն ու իր կողմնակիցները հատել են հայ-թուրքական սահմանը, կամ ստախոս է, կամ հանցագործ, ով խախտել է պետական սահմանը: Այդ մասին նոյեմբերի 1-ին տեղի ուենցած ասուլիսում հայտարարել է Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Եթե անգամ կուսակցության անդամները խախտել են սահմանը, նրանք գտնվել են չեզոք տարածքում, իսկ այդ տարածքում մարդիկ կարող են գտնվել միայն իշխանության թողտվությամբ: Այսինքն, անհնար է, որ շարքային քաղաքացին հանգիստ, առանց խոչընդոտների հատի սահմանն ու հայտնվի չեզոք տարածքում»,- նկատել է Մելքոնյանը: Նրա խոսքով, դա եւս մեկ անգամ վկայում է, որ գործողությունը  էժանագին քարոզչական քայլ է՝ պատրաստված թուրքական իշխանությունների կողմից: Ուստի առ այսօր թուրքական կողմից որեւէ մեկնաբանություն չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թուրքական լրատվամիջոցները տարածել են, թե Թունա Բեքլեւիչն ու նրա մի քանի կողմնակիցները հոկտեմբերի 10-ի երեկոյան հատել են հայ-թուրքական սահմանը եւ Ախուրյան գետի հատվածում մտել Հայաստան՝ ի նշան բողոքի սահմանի փակ լինելու փաստի դեմ: Ռուս սահմանապահները հերքել էին սահմանի հատման հնարավորությունը: