Միջազգային հանրության աչքին հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացում ցուցադրել ջանացող թուրքական իշխանությունների հերթական «խելացի եւ խորմանակ» քայլը կարող է լինել իշխող «Արդարություն եւ զարգացում», ընդիմադիր Ժողովրդահանրապետական եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունների երիտասարդական թեւերին Հայաստան ուղարկելը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Նրա խոսքով, Հայաստան ուղարկելով «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչին՝ Անկարան հետապնդել է միեւնույն նպատակը՝ համոզել միջազգային հանրությանը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսություն է սկսվում՝ թեկուզ ոչ ամենաբարձր մակարդակով։ Փորձագետն ընդգծեց նաեւ, որ Անկարան ամբողջովին չհասավ իր նպատակին եւ Բեքլեւիչի այցից չկարողացավ մեծ աղմուկ բարձրացնել, որովհետեւ վերջինիս առաքելությունը մասամբ ձախողվեց՝ թուրք քաղաքական գործիչը չկարողացավ հասնել Հայաստանի ԱԳՆ ընդունելությանը, ինչը նրա «գործուղմանը» մեծ կշիռ կտար։
Փորձագետը նաեւ նշեց, որ «Հզոր Թուրքիա» կուսակցությունը քաղաքական մեծ կշիռ չունի, նույնիսկ մտադիր չէ մասնակցել կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ նախատեսում է իր բախտը փորձել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։



























