Իջեւանում թշակառու կնոջից 260 դրամ գողանալու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Նախաքննությամբ ապացուցվել է, որ իջեւանցի Վազգեն Օհանյանը՝ Վզեն, հոկտեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում փայտ վաճառելու, ջուր խմելու պատրվակով մուտք է գործել Իջեւանի տներից մեկը: Գույք հափշտակելու նպատակով կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Վազգեն Օհանյանը ձեռքերով դեմքի եւ գլխի հատվածում հարվածներ է հասցրել տան տարեց բնակչուհուն, կոկորդից բռնել, սպանության սպառնալիքներ տվել եւ պահանջել գումար եւ բջջային հեռախոս: Այնուհետեւ գումար գտնելու նպատակով ստուգելով անկողինը, հագուստի գրպանները, բաճկոնի գրպանի դրամապանակից Վազգենը վերցրել է 260 դրամն ու դիմել փախուստի:

Վազգեն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Ավելի վաղ ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել ավազակային հարձակման մասին: