Նախօրեին hայկական գերեզմանոցների նկատմամբ բարբարոսության հերթական գործողությունն է իրականացվել Կրասնոդարի երկրամասի Վասյուրինսկի ավանում։
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, հայկական գերեզմանոցների մոտ 10 տապանաքարեր մի քանի ժամվա ընթացքում քանդվել են ու պղծվել նացիստական խորհրդանշաններով։ Հայկական տապանաքարերի վրա բարբարոսները թողել են նաեւ հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը վիրավորող գրառումներ։
Միջադեպի կապակցությամբ երկրի իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են կուբանցի երեք անչափահասների։
Մինչդեռ, տեղի ոստիկանությունը կտրականապես հրաժարվում է երիտասարդների գործողությունները որակել որպես ազգայնամոլական հողի վրա կատարված հանցագործություն։ Երկրամասի Ներքին գործերի պետական վարչության (ՆԳՊՎ) տվյալներով, բարբարոսական գործողության կատարման ժամանակ նրանք բոլորը եղել են հարբած վիճակում։ Ըստ երկրամասի ՆԳՊՎ-ի մամլո ծառայության ղեկավար Իգոր Ժելյաբինի, անչափահասները հարբած վիճակում անկարգություններ են արել, եւ որպեսզի հետաքննությունը շեղեն այլ ուղղությամբ, որոշել են գերեզմանների վրա ֆաշիստական կեռախաչեր նկարել։ Արդյունքում, «խուլիգաններին» սպառնում է կես տարի ազատազրկում ուղղիչ աշխատանքային գաղութում կամ խոշոր չափի տուգանք։
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կուբանում ազգայնամոլների թիրախ են դառնում հայկական գերեզմանոցները։ Օգոստոսի 30-ին նման կերպով պղծվել էին Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածքային բաժանմունքի ղեկավարներից մեկի ծնողների գերեզմանները։




























