Թուրք-ադրբեջանական հարաբերությունները շարունակվում եւ զարգանում են նոր գլոբալ, քաղաքական, տնտեսական ու մշակութային կանոններով; Նման «խիզախ» հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպան Ունսալ Չեվիքյոզը Լոնդոնի տնօրենների ինստիտուտում:

Իր ելույթում դեսպանը Թուրքիայի եւ Ադրբեջանի կապերն անվանել է մշակութային, կրոնական եւ լեզվային, հիշեցրել «ադրբեջանցիների համազգային հայր» Հեյդար Ալիեւի «Մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը:

Թուրք դեսպանը առիթը բաց չի թողել խոսելու ղարաբաղյան հակամարտության մասին: «Թուրքիան Ադրբեջանի տարածքային ամբողջականության մոլի կողմնակից է, հարցն այդ չափորոշիչի շրջանակներում լուծման կողմնակից»,- ասել է նա: Չեվիքյոզն անգամ կապ է գտել սեպտեմբերի 11-ի ողբերգության եւ ղարաբաղյան հակամարտության միջեւ: Նա եկել է այն եզրակացության, թե սեպտեմբերի 11-ը Կովկասը դուրս մղեց տեղեկատվական օրակարգից, եւ այդ ժամանակներից սկսած լճացում է առաջացել ղարաբաղյան հարցում:

«Բայց այժմ Ադրբեջանն աշխարհաքաղաքական կարեւորագույն դեր է խաղում, իսկ աֆղանական պատերազմում ԱՄՆ-ն ընդհանրապես նրան հանեց միջազգային ասպարեզ»,- հայտարարել է հռետորը: