Թերթը արձանագրում է, որ Աստրախանում տեղի ունեցած երեք երկրների նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի ղեկավարության որդեգրած անհամբեր կեցվածքը վկայում է, որ դեկտեմբերի 1-2-ին Աստանայում նրանից փոխզիջում ակնկալող միջնորդ երկրները եւ առաջին հերթին Ռուսաստանը հայտնվել են «գայլի գլխին ավետարան կարդացողի» վիճակում:
Ռուսաստանի նախագահի առաջադրած, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի աջակցությանն արժանացած Աստանայում «ընդհանուր սկզբունքների» շուրջ փոխհամաձայնության հասնելու գաղափարը, իր ծննդյան պահից իսկ, տորպեդահարվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից:
...Ընդ որում, Հայաստանի դիրքորոշման «կառուցողականացումը», այսինքն՝ փոփոխությունը, ըստ ադրբեջանական կողմի, պետք է տեղի ունենա մինչեւ Աստանա ընկած ժամանակամիջոցում: Ստացվում է, որ Ռուսաստանի նախագահի Աստրախանում դրսեւորած լավատեսությունը Բաքվում «հասկացել են» խիստ յուրօրինակ՝ այն դիտարկելով որպես միջնորդների, առաջին հերթին Ռուսաստանի ճնշման միջոցով Հայաստանի դիրքորոշման փոփոխության հեռանկար:
Այս համատեքստում են նաեւ օրերս Ուկրաինայում նախագահ Ի.Ալիեւի արած հայտարարությունները, ինչպեսեւ դրանց «ռազմական բաղադրիչն» ապահովելու համար պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի կողմից ձեռնարկվող պատերազմական շանտաժի նոր փորձերը: Անշուշտ վերջերս այդ ձախողված զինվորականի հայտարարությունների տոնն այնքան էլ ռազմաշունչ չէ, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում, քանի որ Ադրբեջանն այդպես էլ չի հրաժարվում ուժի կիրառման սպառնալիքն օգտագործելուց: Ավելին՝ հայ-ադրբեջանական ռազմական շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են գնդակոծությունները:




























