Այսօր Երեւանում մեկնարկել է «Եվրոպայի ընտրական իշխանությունների»/ ԵԸԻ/ ընկերակցության ամենամյա գիտաժողովը, րը տեւելու է 3 օր եւ նվիրված է «Ընտրական իրավունքի դատական պաշտպանությունը» թեմային: Համաժողովին մասնակցում են ավելի քան 28 երկրների տարբեր միջազգային կազմակերպությունների մոտ 150 ներկայացուցիչներ, այդ թվում սահմանադրական դատարանների, դաշնային ընտրական դատարանների, կենտրոնական ընտրական հանձնաժողովների նախագահներ, անդամներ ու փորձագետներ: Համաժողովի նախագահը Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն է:

Համաժողովին ներկա ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր բացման խոսքում մասնավորապես ասաց. ""Ոչ ոք չի ցանկանում պարտություն կրել ընտրություններում: Քաղաքական պայքարում պարտվելու դեպքում շատերի մոտ մեծ է լինում գայթակղությունը վիճարկել այդ ընտրությունների արդյունքները: Չի կարող լինել 2 ճշմարտություն, երբ խոսքը զուտ քաղաքական կուսակցության մասին է, եւ այս պայմաններում միայն դատական իշխանությունն է այն մարմինը, որը կարող է տալ վերջնական եւ անբեկանելի եզրակացություն մրցակցող քաղաքական ուժերի վերաբերյալ":

ԵԸԻ ընկերակցության գլխավոր քարտուղար Զոլտան Տոտը նշեց, որ ԵԸԻԸ-ի կարգախոսն է «Ոչ թե փամփուշտների, այլ` քվեաթերթիկների իշխանություն» և իրենք ամեն ինչ անում են կարգախոսին հավատարիմ մնալու համար: Զոլտան Տոտը, սակայն, չնշեց, թե, իր կարծիքով, Հայաստանի իշխանությունը «փամփուշտների՞ իշխանություն» է, թե՞ քվեաթերթիկների: