Վրացական խորհրդարանում Ազատության Խարտիայի վերաբերյալ լսումներ են ընթանում։

Նախագծի հեղինակները հայտարարում են, որ Ազատության Խարտիան Վրաստանին կօգնի վերջնականապես ազատվել խորհրդային անցյալից։

Քննադատները օրինագիծը համարում են ուշացած եւ անմիտ, իսկ ոմանք՝ անգամ վտանգավոր։

Օրինագիծն արդեն անցել է առաջին ընթերցմամբ՝ ստանալով ձայների բացարձակ մեծամասնություն։ «Դեմ» է քվերակել միայն մեկ պատգամավոր։

«Դա կարեւորագույն  փաստաթուղթ է մեր երկրի համար։ Ընդունման դեպքում դա կլինի Վրաստանի ուղիղ հայտարարությունն առ այն,  որ երկիրը չի ուզում մնալ անցյալի ստվերում»,- ասել է նախագծի հեղինակ Գիա Թորթլաձեն։

Բացի այդ, Թորթլաձեն Խարտիայում որոշել է լրացում անել, որը Վրաստանում արմատախիլ կանի այն, ինչ նա կոչել է հիշատակություն «կարմիր ահաբեկչության» մասին՝ խորհրդային սիմվոլիկան։