Հաջորդ խորհրդարանում հայտնվելու իրական շանսեր ունեն այն ուժերը, որոնք այսօր քաղաքական դաշտում ակտիվ են. իսկ դրանք խորհրդարանական ուժերն են եւ ՀԱԿ-ը, եթե լավ աշխատի: Այսօր` նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Կոնգրեսն իրեն ընդդիմադիր է համարում, բայց ո՞ւմ կամ ինչի՞ն է ընդդիմադիր:

Դա ինչքանո՞վ աղերսներ ունի ժողովրդի հետ»,- հարցադրումներ արեց նա, նկատելով, որ հայաստանյան քաղաքական ուժերի փորձառությունը, սովորաբար, Երեւանի սահմաններից դուրս չի գալիս, շփումները շատ քիչ են:

Դիտարկմանը, թե իշխանությունները թույլ չեն տալիս ընդդիմությանը հանրահավաքներ անցկացնել, Գալուստ Սահակյանն ասաց. «Նրանք ավելի շատ խոչընդոտներից են խոսում, քան ժողովրդին ակտիվացնում: Մենք ժամանակ ենք տեսել, որ իշխանությունը շրջափակում էր, բայց մարդիկ գալիս էին միտինգների:

Չի կարելի մի երգ ունենալ եւ նույնը երգել: Իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժերը երգելու խնդիր չունեն: Նոր երգերը պիտի երգի ընդդիմությունը: Մենք մեր երգը արդեն երգել ենք: Չէ, կարապի երգը չի: Մենք աշխատում ենք, երգելու ժամանակ չունենք»