«Մենք մեր դիրքերը չենք զիջելու եւ առանց Ղարաբաղի կարգավիճակի ոչ մի Ճանապարհային քարտեզ  չենք ստորագրի»,- այսօր` նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով Աստանայում դեկտեմբերի 1-2-ին ԵԱՀԿ գագաթաժողովում Ղ խնդրի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ստորագրելու հավանականությանը: «ճանապարհային քարտեզն» ընդամենը փափուկ բառ է, իսկ մեզ համար նախեւառաջ Ղարաբաղի կարգավիճակն է կարեւոր»,- ընդգծեց նա, հավելելց. «ՀՀԿ-ն կհամաձայնի անգամ արահետային քարտեզին, եթե Ղարաբաղի կարգավիճակն այնտեղ լինի»:

Հիշեցնենք, որ նման հավանականության մասին խոսել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչո՞ւ են ԱԺ-ում փակել YouTube  կայքը, ինչին ՀՀԿ փոխնախագահն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ YouTube-ին հակազդելու իրական երաշխիքներ կան: Մենք պիտի կարողանանք իրականությունն ու զրպարտանքը տարբերակել իրարից: Դրանք քարոզչական մեքենաներ են, որ փորձում են թուլացնել Հայաստանը»: Նա նաեւ նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու են ԱԺ-ում փակել այդ կայքը: