Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է վրացի սահմանապահների կողմից Լոռու մարզի տարածք ներխուժելու փաստը:

Այսօր տեղեկություններ էին տարածվել, թե սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վրաց սահմանապահները Ստեփանավանի ուղղությամբ, խախտելով հայ-վրացական սահմանը, բառացիորեն ներխուժել են մեր երկրի տարածք ու իրենց հսկողության տակ վերցրել Լոռու մարզի Պրիվոլնի գյուղին պատկանող հողերը եւ Խուճապավանքը:

ՀՀ ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնեցին, թե տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ էլ վրացի սահմանապահները մի քանի հարյուր մետրով առաջ էին տվել Վրաստանի սահմանները՝ Հայաստանի Շիրակի մարզի Բավրա գյուղի հատվածում: Վրացիները նաեւ արգելել էին հայ գյուղացիներին մշակել իրենց հողերը: Օգոստոսի 27-ին վրացիների սանձարձակությունները քննարկվել էին Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ, սակայն առ այսօր հարցին լուծում չի տրվել: