Այս պահին խոսել ԼՂ ճանաչման գործընթացի մասին, որը մեծ հաշվով ոչինչ չի տալու, նպատակահարմար չէ: Այսօր` նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Մեր գործընկերները «Ժառանգությունից» գտնում են, որ պետք է օրինագիծը պահել քաղաքական օրակարգում, բայց դա եւս լուծում չէ, քանի որ պետք եղած պահին կարելի է անդրադառնալ դրան»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Աստանայում սպասվելիք ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում ԼՂ հարցով կողմերին «ճանապարհային քարտեզ» առջարկելուն, հանրապետական գործիչն ասաց. «Իհարկե, կան որոշակի գործոններին, որ ազդում են գործընթացի վրա, բայց դա չի նշանակում, որ դրանք ուղղակի ազդեցեություն կունենան Աստանայում: Միջնորդների գործողությունները ոչ թե միտված են կողմերին ինչ-որ բան պարտադրելուն այլ նրանց մոտեցումները մոտեցնելուն: Ճանապարհային քարտեզների մասին խոսելու համար այս պահին նախադրյալները չկան»:

Հարցին, թե ՀՀԿ-ն, ընդհանրապես, տեղյա՞կ է բանակցային գործընթացից եւ իր վերադասների գործողություններից, Արտակ Զաքարյանը խուսափեց ուղիղ պատասխանից, նշելով. «Բանակցային գործընթացը գտնվում է գաղտնիության պայմաններում: Չկան այն նախադրյալները, որ կլինի քարտեզ, փաստաթուղթ կամ ինչ-որ մի նախագիծ»: