Թուրքիայի վարչապետի դատական հայցերը ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ շարունակվում են։ Այս անգամ Էրդողանը 100 հազար լիրայի (70 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում է պահանջում  Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդից։

Թուրքիայի վարչապետի փաստաբանների կողմից ներկայացված դատական հայցերում «Ժողովրդա-հանրապետական»-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրվում է հոկտեմբերի 26-ի իր ելույթում Էրդողանին անձնական վիրավորանքներ հասցնելու մեջ։

Նշենք, որ Էրդողանը, որպես կանոն, գրեթե  միշտ հաղթում է փոխհատուցում պահանջող դատական հայցերում։ Այս կապակցությամբ, Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդը հայտարարել է, թե ավելի լավ է Էրդողանը իրենից միանգամից պահանջի իր աշխատավարձը։