Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում կազմակերպված «Հանուն խաղաղության» անունը կրող 100 հազարանոց հանրահավաքի ժամանակ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքը հայտարարել է, որ այսօրվա քրդերը առաջվա քրդերը չեն եւ խնդրի լուծման բանալին Օջալանի ձեռքում է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Aksam թերթը։

Հիմնականում քրդերով բնակեցված Դիարբեքիրում խաղաղության հանրահավաքին մասնակցողները մեծ ոգեւորություն էին ցուցաբերում։ Հանրահավաքին մասնակցել է 100 հազարից ավել մարդ։ Մասնակիցների մոտ եղել են պաստառներ, որոնց վրա եղել են հետեւյալ գրությունները. «Քրդական խնդիրը միջնորդներով կլուծվի (նկատի ունեն Օջալանին), Քրդական խնդրի կարգավորումը չպետք է հետաձգվի, քրդական ժողովրդից պետք է ներողություն խնդրեն (նկատի ունեն թուրքերին), Կամ արժանապատիվ խաղաղություն, կամ համարժեք դիմադրություն, Թող զենքերը լռեն եւ խոսեն կողմերը»։

Հանրահավաքի ժամանակ իր պարտականություններն է կատարել 5 հազար ոստիկան։ Դիարբեքիրի ոստիկանապետը զգուշացրել է ծառայություն իրականացնող բոլոր ոստիկաններին՝ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ լինել քաղաքավարի եւ կիրթ։

Հանրահավաքի ժամանակ Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը ասել է, որ թող թուրք զինվորին խոցած փամփուշտը իրեն էլ խոցի, իսկ թուրք մայրերի ցավը հավասար է քուրդ մայրերի ցավին։ Նա կոչ է արել կիսել բոլոր զոհերի՝ զինվորների, ոստիկանների, քուրդ պարտիզանների ցավը եւ առաջարկել է Անկարայում եւ Դիարբեքիրում խաղաղության հուշարձան տեղադրել։

Հանրահավաքին ելույթ է ունեցել նաեւ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքը, ով ասել է հետեւյալը. «Տեր Աստված թող խաղաղություն հաստատվի եւ հաջորդ օրը, եթե պետք լինի, իմ կյանքն էլ վերցրու»։ Ահմեդ Թուրքը նշել է, որ PKK-ն եւ Իմրալի կղզում ցմահ բանտարկված քրդերի առաջնորդ Օջալանը կազմում են քրդական հարցի կարգավորման մի մասը։