Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` նոյեմբերի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Քլեբըրն Սլոանը (նստավայրը` Մոսկվա):
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական աշխատանքն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:
Սերժ Սարգսյանը եւ դեսպան Սլոանը երկուստեք ընդգծել են Հայաստանի եւ Կանադայի միջեւ առեւտրատնտեսական, մշակութային, տեղական ինքնակառավարման եւ այլ ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը: Հայ-կանադական հարաբերությունների սերտացման գործում զրուցակիցները կարեւորել են նաեւ կանադահայ համայնքի դերը:
Դեսպանը գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում հայ-կանադական արդյունավետ փոխգործակցության մասին: Նա Հանրապետության ղեկավարին վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը` իր պաշտոնավարման ընթացքում հայ-կանադական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի ամրապնդելու եւ զարգացնելու համար:





























