«Հըզբոլլահը» պատրաստվում է զավթել իշխանությունը Բեյրութում այն դեպքում, եթե իրեն մեղադրեն վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ, գրում է

MIGnews.com` վկայակոչելով Լիբանանի իր աղբյուրները:

Ինչպես հայտնում է «Աշ-շարկ ալ-Աուսատ» թերթը, խմբավորումը պատրաստվում  է «զրոյական սցենարի» եւ գործողության պլաններ է մշակում Լիբանանի մայրաքաղաքում:

Նշվում է, որ «Հըզբոլլահ», «Ամալ» եւ սիրիամետ այլ խմբավորումներ գտնվում են սերտ համագործակցության մեջ եւ Բեյրութում իշխանության զավթման ծրագիր են մշակում:

Նրանք մշակում են նաեւ հարավային ուղղությամբ քաղաքային ճանապարհի փակում եւ քրիստոնեական շրջանների չեզոքացում: Աղբյուրները նկատում են, որ խմբավորումներն արդեն բաժանել են ազդեցության գոտիներն ու վերահսկողության ոլորտները սցենարի իրագործման դեպքում:

Նշենք, որ Լիբանանի մայրաքաղաքում մեծաթիվ հայ համայնք է ապրում: Վերջին տվյալներով, Լիբանանում մոտ 150 հազար հայ կա, որոնց մեծ մասն ապրում է Բեյրութում: