Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լ. Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն առաջիկայում կհանձնեն Լեռնային Ղարաբաղը:
ՍԴՀԿ ատենապետը, նկատելով, որ թեպետ օգոստոսի 31-ին հայկական եւ թուրքական կողմերի համատեղ հրապարակած արձանագրություններում ուղղակի հիշատակում չկա Ղարաբաղի մասին, ասաց, որ այդ մասով ամեն ինչ ասված է տողատակերում։ Նրա խոսքերով, վաղն արդեն «պարտավոր ենք լինելու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Ավելին, ատենապետը կարծում է, որ «առաջիկա ամիսներին Ղարաբաղը կհանձնվի»: Լ. Սարգսյանը համոզված է, որ սրան իր միասնականությամբ եւ պահանջատիրոջ իրավունքով կարող է դիմակայել միայն ժողովուրդը։
Հիշեցնենք, օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հանդես էին եկել մամուլի հաղորդագրությամբ, որի համաձայն Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունները՝ Շվեյցարիայի միջնորդությամբ, համաձայնել են սկսել ներքաղաքական խորհրդակցություններ հրապարակված բանակցային երկու արձանագրությունների շուրջ։ Դրանք «Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն են:



















