Սիլվիո Բերլուսկոնին, կարծես թե հայտնվել է անարխիստների «սեւ ցուցակում», ովքեր Հունաստանից ծրարներով ռումբեր են ուղարկում աշխարհի առաջնորդներին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Իտալիայի վարչապետի անունով ծանրոցը, որը հայտնաբերել էին Հունաստանից մեկնած օդանավում, պայթել է Բոլոնիայի օդանավակայանում զննության ժամանակ: Երբ հայտնի է դարձել, որ օդանավում վտանգավոր բեռ կա, այն արտակարգ վայրէջք է կատարել Բոլոնիայի օդանավակայանում, որտեղ Բեռլուսկոնիի անունով ծանրոցը հանձնվել է ոստիկաններին` հետազոտելու համար:
Ամենայն հավանականությամբ, Բեռլուսկոնիին ուղարկվել է նույնպիսի ծանրոց, ինչպիսին նոյեմբերի 2-ին ուղարկվել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Նույն օրը կասկածելի ծանրոցները, որոնք պետք է հասնեին Հաագա եւ Լյուքսեմբուրգի եվրոպական դատարան, հայտնաբերվել էին Աթենքում: Երկու ծանրոցներն էլ վանսազերծվել են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աթենքում՝ Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության մոտ, նոյեմբերի 2-ին պայթյուն է որոտացել։ Երեւանի ժամանակով 14:30-ին մի քանի անհայտ անձինք դեսպանատան ուղությամբ պայթուցիկ սարք պարունակող փաթեթ են նետել։ Տուժածների եւ պայթուցիկ սարքի տեսակի մասին տվյալներ դեռեւս չկան։ Նման մեկ այլ փաթեթ հայտնաբերվել է Բուլղարիայի դեսպանատան տարածքում։ Այժմ այն ուսումնասիրվում է Հունաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինների կողմից:
Հիշեցնենք, որ նախօրեին Հունաստանում հայտնաբերվել էին 4 ռումբ-փաթեթներ։ Դրանցից մեկը պայթել էր փոստային բեռնատարում:
Հունական իրավապահ մարմիններն այս գործով երկու կասկածյալների արդեն ձերբակալել են:




























