Թերթը հայտնում է, որ հոկտեմբերի 29-ին, երբ Թուրքիան հանդիսություններով նշում էր երկրում հանրապետական կարգերի հաստատման 87-րդ ամյակը, Էգեյան կղզիներից Իմրոզում (Գյոքչեադա) անհայտ անձինք ներխուժել են հունական գերեզմանոց, ջարդուխուրդ անելով 78 գերեզմանաքար:

Մինչ թուրքական իրավապահ մարմինների աշխատակիցները ուղեւորվել են Իմրոզ կղզի, տեղում ծանոթանալով միջադեպի մանրամասներին, կենտրոնակայան Աթենքում գտնվող «Իմրոզցիների միությունը» հաղորդագրությամբ դատապարտել է տապանաքարերը ջարդելով հունական 78 գերեզման ավերելու այս ստոր արարքը եւ թուրքական իշխանություններից պահանջել պատասխանատուների հայտնաբերումն ու պատժումը:

Հաջորդ օրը հունական գերեզմանոցի վրա կատարված հարձակումը դատապարտել է նաեւ Թուրքիայի արտգործնախարարությունը եւ հավաստիացրել, որ Իմրոզի մետրոպոլիտի դիմումին համապատասխան, դատախազությունը իսկույն ձեռնամուխ է եղել գործի հետաքննությանը, իսկ իրավապահ մարմինները իրականացրել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի կանխեն միջադեպի կրկնությունը: