ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսային զրույցում շնորհավորել է Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Ջոն Բեյներին` Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակի կապակցությամբ:

«Նախագահը հույս ունի աշխատել հանրապետականների հետ, ընդհանուր շփման եզրեր գտնել եւ երկիրն առաջ մղել»,- հայտարարել է Սպիտակ Տունը, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

Նախնական տվյալներով, Հանրապետական կուսակցությանը հաջողվել է դեմոկրատներից խլել 60 տեղ, ինչը հնարավորություն է տալիս հանրապետականներին ամբողջությամբ վերահսկել Կոնգրեսի ստորին պալատը:

Սենատում հանրապետակններն ստացել են 6 լրացուցիչ տեղ, կրճատելով դեմոկրատների հետ ունեցած իրենց տարբերությունը, բայց դա բավարար չի եղել, որ նրանք մեծամասնություն կազմեն Կոնգրեսի վերին պալատում:

Ջոն Բեյներն արդեն հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների հաղթանակը ազդակ է Օբամային, որ պետք է փոխել վարվող քաղաքականությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում անցկացվել են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ: ԱՄՆ քաղաքացիները ընտրել են Ներկայացուցիչների պալատի ողջ կազմը եւ Սենատի մոտ 1/3-ը: