1945թ. նոյեմբերի 3-ին ծնվել է համաշխարհային ֆուտբոլի ամենատաղանդավոր ռամբարկուներից մեկը` գերմանացի Գերհարդ Մյուլլերը: Աղքատ ընտանիքի զավակը 15 տարեկանում կորցրեց հորը եւ բանվորությունը համատեղում էր ֆուտբոլի մարզումների հետ: Առաջին հաջողությունն ունեցել է Ներդլինգենի թիմում, որտեղ անմիջապես դրսեւորել է ռմբարկուական տաղանդը` 52 խաղում խփելով 31 գնդակ:

Նրա հաջողություններն աննկատ չմնացին: 1963-ին Մյուլլերը պայմանագիր կնքեց Մյունխենի Բավարիայի հետ, որի գլխավոր մարզիչ Զլատո Չայկովսկին երկար ժամանակ հիմնական կազմում Մյուլլերին տեղ չէր տալիս: Չայկովսկին մամուլում հեգնանքով նրան անվանում էր տափակ հաստլիկ: Սակայն Մյուլլերը դեպրեսիայի մեջ չընկավ, այլ կարճ ժամանակում վաստակեց ազգային ռմբարկուի համբավ: Զեպ Մայերը, Ֆրանց Բեկենբաուերը եւ Մյուլլերը ֆուտբոլի պատմությունում կմնան որպես Բավարիայի սուրբ երրորդություն:

Բավարիայի հետ Մյուլլերը նվաճել է գերմանական եւ եվրոպական ֆուտբոլի բոլոր տիտղոսները: Նա մոլորակի ամենահաջողակ ռմբարկուն է. Բունդեսլիգայի 427 խաղում նա խփել է 365 գնդակ: Չեմպիոնների լիգայում խփած 66 գոլի ռեկորդը միայն 30 տարի անց, 2010թ. հոկտեմբերի 20-ին գերազանցեց Ռաուլը:

Գերմանիայի հավաքականի կազմում Մյուլլերը նվաճել է 1974թ. աշխարհի չեմպիոնի կոչումը եւ սահմանել է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերի արդյունավետության ռեկորդը: Հավաքականի կազմում 62 խաղ անցկացրած Մյուլլերը 68 գոլի հեղինակ է:

Կարիերայի ավարտից հետո Մյուլլերը ալկոհոլային կախվածություն ձեռք բերեց, սակայն ընկերների օգնությամբ նա բուժվեց եւ վերադարձավ Բավարիա: Նա ակումբի սիրողական թիմի ֆուտբոլիստների մարզիչն է: