«Դժվար է ասել, կբացվի՞ արդյոք հայ-թուրքական սահմանը մինչեւ հոկտեմբերի կեսը, բայց անկախ դրանից, կարեւոր է, որ երկու երկրների միջեւ հարաբերույթունները մտնեն բաց հարցերի կարգավորման փուլ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Բելգրադի քրեագիտության եւ սոցիոլոգիական ինստիտուտի փոխտնօրեն Միրոսլավ Իվանովիչը:
Նրա խոսքերով, ցեղասպանության հարցը բարդ խնդիր է, որն ավելի է բարդացրել Հայաստանի եւ Թուրքիայի, երկու ժողովուրդների հարաբերությունները: Հետեւաբար, ինչպես կարծում է փորձագետը, հարցը պատմաբանների եւ փորձագետների ձեռքը տալը միայն հնարավորություններից մեկն է լուծել այն պայմաններում, երբ երկրների պաշտոնական մոտեցումները կտրուկ տարբերվում են: «Հայտնի է, որ Թուրքիայում արգելված է հրապարակայնորեն պաշտպանել Հայոց ցեղասպանության փաստը: Եւ Թուրքիայի համաձայնությունը՝ այդ հարցը տալ փորձագետների ձեռքը, անշուշտ, հայկական դիվանագիտության հաջողությունն է: Հարցն ուրիշ բանում է, կընդունի՞ արդյոք Թուրքիան պատմաբանների որոշումը, եթե նրանք հանգեն հայկական կողմի պաշտպանած տեսակետին: Ցանկացած դեպքում Հայաստանը ոչինչ չի կորցնի, անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունվի»,- ընդգծեց նա:
Ընդհանուր առմամբ, Իվանովիչը դրական է գնահատում արձանագրություններով ամրագված քայլերը: «Սահմանների բացումը ձեռնտու է Հայաստանին, հաշվի առնելով, որ Թուրքիայում զգալի թվով հայեր են ապրում, որոնք առ այսօր իրենց ավանդն են ներդնում Թուրքիայի մշակութային եւ տնտեսական կյանքում: Առեւտուրը, տնտեսական հարաբերությունները, հայկական սփյուռքի հետ կապերը, անշուշտ նպաստավոր են հայկական պետության եւ ժողովրդի համար»,- հայտարարեց փորձագետը: Իվանովիչի կարծիքով՝ դա նաեւ ազդանշան կլինի Ադրբեջանի համար, որը կվկայի, որ նա եւս պետք է ավելի ճկուն տեսակետ ունենա խնդրահարույց հարցերում:



















