«Մահմեդական պետություն Իրաքում» անունը կրող աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպություններից մեկը սպառնացել է քրիստոնյաներին նոր գրոհներ նախաձեռնել ողջ աշխարհում:
Ինտերնետում տարածած հայտարարության մեջ ծայրահեղականները նշում են, որ 48 ժամյա վերջնագրի պահանջները չկատարելու դեպքում «խաչակիրները մոջահեդների օրինական թիրախ են դառնալու, որտեղ էլ նրանք լինեն»,- գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ին այդ խմբավորման գրոհայինները Բաղդադում գրավել էին կաթոլիկ տաճարը, որտեղ կար 100 մարդ: Նրանց պահանջներից մեկն է երկու օրվա ընթացքում ազատ արձակել երկու կանանց, որոնց իբր բռնությամբ պահում են Եգիպտոսի ղպտիների վանքում: Նրանց ներկայացմամբ, այդ կանայք ամուսիններից ազատվելու համար, իբր քրիստոնեությունից անցել են մահմեդականության: Պատանդների ազատ արջակման նպատակով Իրաքի հատուկ ջոկատայինների կողմից կազմակերպված գրոհի ժամանակ զոհվել էր 58 մարդ:




























