Կարսի քաղաքապետ, Արդարություն եւ զարգացում կուսակցության անդամ Նեվզաթ Բոզքուշը խորհրդականի միջոցով մամլո ասուլիսին ներկա 12 լրագրողների ծրարի մեջ դրված 500-ական լիրա է տվել: Որոշ լրագրողներ, տեսնելով ծրարի միջի գումարը, հրաժարվել են այն վերցնել, հաղորդում է թուրքական «Aktifhaber»-ը։

Կարսի քաղաքապետի մամլո ասուլիսի թեման եղել է քանդակագործ Մեթին Աքսօյի կողմից ստեղծված, 35 մետր բարձրություն եւ 350 տոննա կշիռ ունեցող «Մարդկության հուշարձանը»: Կարսի քաղաքապետը նշել է, որ հուշարձանը ստեղծվել է առանց թույլտվության ու ապօրինի է: Լրագրողները հետաքրքրվել են հուշարձանի ճակատագրով. արդյոք այլ տեղ կտեղափոխվի, թե՞ կոչնչացվի։ Քաղաքապետը ասել է, որ որոշումը կընդունի Տուրիզմի նախարարությունը:

Մամլո ասուլիսից հետո Կարսի քաղաքապետը լրագրողներին հրավիրել է ճաշի, քաղաքապետարանին պատկանող ավտոբուսով: Որտեղ մամուլի ու հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչը լրագրողներին ծրարներ է բաժանել: «Դողան հաբեր» եւ «Ջիհան հաբեր» լրատվական գործակալությունների թղթակիցները չեն վերցրել գումարը՝ ասելով, որ իրենք դա չեն կարող ընդունել:

Կարսի քաղաքապետը պարզաբանել է լրագրողներին, որ այդ գումարները թերթերի բաժանորդագրության համար է տվել: Սակայն դա ավելի է զարմացրել լրատվական գործակալության թղթակիցներին, որոնք հիշեցրել են, թե իրենք ընդամենը թղթակից են:

Հիշեցնենք, որ Կարսի ներկայիս քաղաքապետ Նեւզաթ Բոզքուշը քաղաքապետ է ընտրվել այս տարվա մարտի 29-ին եւ կարծես փորձում է ազատվել նախկին քաղաքապետի թողած արձաններից: մոտ երկու շաբաթ առաջ էլ Նեւզաթ Բոզքուշը տեղափոխել տվեց Կարսի քաղաքապետարանի դիմացի արձանը:

Կարսի նախկին քաղաքապետը հայտնի էր հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ գործադրած ջանքերով: Նա Կարսում կազմակերպել էր ստորագրահավաք՝ հայ-թուրքական սահմանի բացման համար եւ հավաքել 50 000 ստորագրություն: Իսկ նոր քաղաքապետի համար խնդրո առարկա հսկա հուշարձանը պատվիրվել է հենց նախկին քաղաքապետի օրօք, որը, ըստ տեղեկությունների, պետք է տեղադրվեր հայ-թուրքական սահմանին: