Շուրջ մեկուկես տարի հետախուզման մեջ գտնված եւ երեկ ինքնակամ իրավապահներին ներկայացած ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը երեկ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքն ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Այդ մասին ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ «2009 թվականի սեպտեմբերի 2-ին ինքնակամ նախաքննական մարմնին է ներկայացել 2008 թվականի մարտ ամսից հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Խ.Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Խ.Սուքիասյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունքներ տալուց»:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետախուզման մեջ էր 2008թ. մարտի 4-ից, եւ երեկ կեսօրին է ինքնակամ ներկայացել իրավապահներին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգությունների կազմակերպում): Խաչատուր Սուքիասյանի դեմ հալածանքներ սկսվեցին, երբ նա հայտարարեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու իր որոշման մասին:



















