Kanach.am ինտերնետային կայքէջում, շուտով հնարավոր կլինի ահազանգել ծառահատումների մասին նաեւ SMS-ների միջոցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կայքի ծրագրավորող, բնապահպան ակտիվիստ Վահե Վարդումյանը: Նա նշեց, որ նորամուծությունը հնարավորություն կտա ծառահատման մասին ահազանգել հենց դեպքի վայրից: SMS-ը կարժենա նույնքան, որքան սովորական հաղորդագրությունը:
Kanach.am-ի ստեղծման գաղափարը պատկանում է Թեղուտի պաշտպանության խմբին: Կայքը գործարկվել է դեռեւս գարնանից, սակայն միայն վերջերս է այն ակտիվացել: Բնապահպան Մարիամ Սուխուդյանն ասաց, որ այն նպատակ ունի մեկտեղել ծառահատումների մասին ամբողջ տեղեկատվությունը:
«Տեսնելով, որ ավելանում են ծառահատումների մասին ահազանգերը, իսկ դրանք գրանցելու եւ ընդհանուր պատկերն ստանալու որեւէ տեղ չկա, որոշեցինք կայքի միջոցով հավաքագրել տեղեկատվությունը»,-ասաց նա` հավելելով, որ բնապահպանության նախարարությունն ու քաղաքապետարանը խուսափում են ծառահատման իրական թվերն հրապարակելուց, իսկ կայքի միջոցով հնարավոր կլինի ստանալ Երեւանում կատարվող իրական պատկերը:
Կայքում ներկայումս կատարվում են փոփոխություններ եւ ավելացումներ:
Նշենք, որ Վրաստանում կազմակերպված սոցիալական ինովացիոն ճամբարում Kanach.am-ն արժանացել է մրցանակի: Վրաստանից, Ադրբեջանից, Հայաստանից ներկայացված նախագծերից հենց այս պրոյեկտն է հետաքրքել ժյուրիին ու ճանաչել լավագույնը:




























