Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղեկություն հայտնվեց, որ քաղաքապետարանն ընդունել է ընդդիմության՝ սեպտեմբերի 18-ի հանրահավաքն ու երթը ի գիտություն:

Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշված է, որ «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը օգոստոսի 31-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` ս/թ. սեպտեմբերի 18-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին:

Ըստ իրազեկման` ս/թ. սեպտեմբերի 18-ին նախատեսվում է զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, որը մեկնարկելու է ժամը 17:00-ին` հանրահավաքով եւ ավարտվելու է երթով:

Իրազեկումը քննարկվել է ս/թ. սեպտեմբերի 2-ին, Երեւանի քաղաքապետարանում":

Երեւանի քաղաքապետարանից նաեւ հայտնում են, որ թեեւ զանգվածային հրապարակային միջոցառման կազմակերպիչը պատշաճ կերպով ծանուցվել է իրազեկման քննարկման անցկացման օրվա եւ ժամի մասին, սակայն քննարկմանը չի ներկայացել:

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` իրազեկման քննարկումը կարող է անցկացվել իրազեկման հեղինակի բացակայությամբ:

Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Արարատ Զուրաբյանի ` ս/թ. սեպտեմբերի 18-ին Մատենադարանին հարող տարածքում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը` միաժամանակ նշելով, որ միջոցառումը կմեկնարկի ժամը 17:00-ին եւ կավարտվի` 22:00-ին: Քննարկման արդյունքում ընդունված որոշման համաձայն` երթը պետք է անցկացվի իրազեկման մեջ նշված երթուղով` փողոցների ոչ երթեւեկելի հատվածներով` չխաթարելով երթեւեկության բնականոն ընթացքը: