Թերթը հայտնում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը դարձյալ պատվի է արժանանալու նոյեմբերի 19-ին «Լոս Անջելեսի հայ արհեստավարժների ընկերության» (ԼԱՀԱԸ) կազմակերպած 52-րդ գալահամերգի ժամանակ եւ ստանալու է 2010 թվի պատվավոր «Տարվա արհեստավարժը» մրցանակը: Նա միջոցառմանը ներկա է գտնվելու, ըստ Կալիֆոռնիայի վաստակավոր լրագրող Ֆլորենս Ավագյանի, իր կնոջ՝ Դոննա Էվանսի հետ, որը Վաշինգտոնի Համաշխարհային գործերի խորհրդի նախկին նախագահն էր:

Պատասխանելով Ավագյանի հարցին, թե արդյոք երբեւէ զղջացել է «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար, Էվանսը ասել է. «Ո՛չ: Ինչ ասել եմ, հիմնված է եղել պատմության (դասագրքերի), իմ ընթերցումների եւ 1948-ի «ցեղասպանության կոնվենցիայի» վրա: Գիտեի, որ բացասական հետեւանքներ է ունենալու: Բայց ափսոսում եմ, որ այդ բառի պատճառով իմ վերջին տարիներին արտասանած շատ այլ նախադասություններ ստվերում են մնացել»: