Այսօր` նոյեմբերի 4-ին Կառավարության հերթական նիստի օրը, մինչ նախարարները կայցելեին Կառավարություն, շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին:

Նա պարկել էր գետնին եւ վրան պահել մի ցուցանակ, որի վրա գրված էր. «Դադարեցրե՜ք բռնություններն ու խոշտանգումները բանակում, ոստիկանությունում, կալանավայրերում, մասնավորապես, քաղբանտարկյալների նկատմամբ»:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի ընթացքում պարկած Վարդգես Գասպարիի կողքով անցան գրեթե բոլոր նախարարները, այդ թվում, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Վերջինս հետաքրքրվեց, թե ինչն է ակցիայի պատճառը:

Ակցիայի ընթացքում Կառավարության շենքից դուրս եկավ Հայաստանի ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ առանց ուշադրություն դարձնելու բողոքի ակցիա անցկացնող Գասպարիի վրա, նստեց մեքենան ու գնաց:

Ոստիկանության աշխատակիցները նախկին քաղբանտարկյալին տեղափոխեցին կառավարության մուտքից բավական հեռու:

Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» թերթը տեղեկացրել է, որ «Կոշ» ՔԿՀ-ում հարձակում է եղել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա, այլ մանրամասներ չի հաղորդվում:

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի