«Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչը, ով հայտարարել է, թե հատել է հայ-թուրքական սահմանը` «բարի նպատակներով», եւ ում Հայաստանի ԱԱԾ-ն առաջարկել էր լքել Հայաստանը,  հայտարարում է, որ մտադիր է նորից այցելել Հայաստան:

Նա հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է, որ ինքը  պաշտպանում է այն  տեսակետը, որ սահմանների բացումը Կովկասյան  տարածաշրջանին  խաղաղություն եւ անդորր կբերի:

Բեքլեւիչը  նշել է, որ  նպատակ  են  դրել   եկող  այցի  ընթացքում  գործարարների  հետ  միասին Հայաստան ժամանել:

«Մասնավորապես Երեւանից հարավ` Արարատի  մարզի շրջանում ներդրումների հնարավորությունների առկայությունը  մատնանշելով Բեքլեւիչը նաեւ զբոսաշրջության  բնագավառում  է  մեծ  անելիքներ  տեսնում  գլխավորապես  Սեւանա  լճի  հետ  կապված:  Ներկայումս  ժամանակավորապես փակ եղող սահմանների բացման պարագայում դրսից  Հայաստան  մտնող  դրամագլխի  քանակը  2012թ.-ին  կանցնի  5 միլիարդ  ամերիկյան  դոլարը  եւ  Հայաստանում  գործազրկության  մակարդակը  3 տոկոսով  կնվազի»,- ասված է հայտարարության մեջ:

«Հզոր Թուրքիայի» ղեկավարը տեղին արված քայլ է համորում Թուրքիայի Ազգային  անվտանգության քաղաքականության փաստաթղթում  Հայաստանի  դուրս  բերումը  արտաքին  սպառնալիքների  ցուցակից: Նա նշել է, որ «եթե  Հայաստանը  ավելի  բաց  լինի  երկխոսության  համար, այսօր  Կովկասում  անդորրն  ու  եղբայրությունը  կգերիշխի»:

«Այս  պահին  մենք  շատ  հստակ  հաղորդագրություն  ենք  տալիս, հասարակական  կազմակերպությունների, գիտնականների, գործարարների  քաղաքական  կուսակցությունների  ներկայացուցիչների  հետ  ենք  հանդիպում: Սահմանների  բացման  հարցում  Թուրքիայում  լուրջ  համաձայնություն  կա: Գլխավորապես   TESEV-ի  օրինակով  Թուրքիայի  եւ  Հայաստանի  հասարակական  կազմակերպությունները  երկուստեք  սահմանների  բացմանն  ուղղված  անձայն  դիվանագիտություն  են  իրականացնում: Խաղաղության  համար  երկխոսություն  է  անհրաժեշտ: 

Ամեն  մի  կառույց  իր  համախոհներին  գտնելով  եթե  երկխոսության  մեջ  մտնի  իր համար  կհայտնագործի, թե  որքան  իրար  նման  ու  մոտ  են  այս  երկու  հասարակությունները:  Երկու  կողմերի  անջատողականները  երկու  հասարակություններին  էլ  թունավորել  են: Հիմա  մեր  պարտականությունը  այս  կատաղած  փոքրամասնությանը  հանգիստ  ու  անձայն  մեծամասնությամբ  լռեցնելն  է: Երկու  կողմում  էլ  մեր  անցյալը   գողացողներից  պետք  է  փրկենք  մեր  ապագան»,- նշված է հայտարարության մեջ: