Թուրքիայում գտնվող PKK-ի քուրդ զինյալները որոշել են հեռանալ Թուրքիայից եւ հաստատվել Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում, որտեղ գտնվում են PKK-ի ճամբարները։ Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ PKK-ն մինչեւ 2011-ի խորհրդարանական ընտրությունները երկարացրել է զինադադարը։
Թուրքական Sabah-ի տեղեկություններով՝ Թուրքիայից PKK-ի զինյալների անվտանգ հեռանալը ապահովելու համար թուրքական խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը մեկնել է Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի Էրբիլ քաղաք, որտեղ նախատեսված է հանդիպումներ տեղի քրդական ղեկավարության հետ։
Քրդական շրջանակները անհանգստացած են, որ Թուրքիայի տարածքում մոտ 1500 քուրդ զինյալների հեռանալը լինի առանց բախումների եւ մարդկային կորստի։ Հայտնի է, որ 1999-ին Օջալանի ձերբակալությունից հետո քուրդ զինյալները Թուրքիայից հեռանալիս տվել էին մինչեւ 100 զոհ։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխուժացել են թուրքական պետության եւ Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջեւ բանակցությունները, որի արդյունքում Օջալանը հրահանգել է PKK-ին երկարացնել զինադադարը եւ հեռանալ Թուրքիայից, որպեսզի զինադադրի ժամանակահատվածում որոշ շրջանակների կողմից բախումներ չհրահրվեն։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոսովո մեկնելուց առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս հաստատել է, որ Օջալանի հետ բանակցություններ վարվել են թե նախկինում, թե ներկայումս եւ դա պետության համար է արվում։





























