Հայ Ազգային Կոնգրես ընդդիմադիր խմբակցությունը բավականին կառուցողական համագործակցություն է հաստատել ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեյի հետ։ NEWS.am -ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը։
«Եվրոխորհուրդում մենք մեր ներկայացուցիչն ունենք, դա Արման Գրիգորյանն է», նշել է Զուրաբյանը, հավելելով, թե կայացել է աննախադեպ որոշում. մոնիտորինգային հանձնաժողովը հրավիրել է Գրիգորյանին՝ մասնակցելու հաջորդ նստաշրջանին։ Այն հարցին, թե ինչպիսի՞ սպասելիքներ ունի Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի զեկուցագրերի վերաբերյալ, որն ի դեպ, համազեկուցողները ներկայացնելու են հուլիս ամսվա ԵԽԽՎ նիստի ժամանակ, Զուրաբյանը ասել է, թե ներկա պահին այդ մասին դժվարանում է դատել։
Կոնգրեսի համակարգողը ասել է, որ ՀԱԿ-ի և ԵԽԽՎ-ի միջև տեղեկատվության փոխանակման հարցը կարգավորված է։ Հայ Ազգային Կոնգրեսը պարբերաբար տեղեկացնում է համազեկուցողներին, թե հայկական իշխանությունները ինչպես են կատարում իրենց վրա դրված պարտավորությունները. լրատվամիջոցների ազատության, մասնավորապես «Ա1+» հեռուստաընկերության վերաբացման, քաղբանտարկյալների ազատ արձակման, հանրահավաքների անցկացման, 2008թ մարտի 1-ի իրադարձությունների արդար հետաքննության վերաբերյալ։ Թղթակցի այն հարցին, թե ՀՀ իշխանությունները ինչո՞ւ են հետաձգում համաներումը, Լևոն Զուրաբյանը պատասխանել է. –"Իշխանությունների մոտ քաղաքական մտածողության պակաս կա"։ Զուրաբյանի կարծիքով իշխանությունները վախեցած են ՀԱԿ-ի օրեցօր աճող հզորությունից։ Բանախոսը նաև ասել է, որ նման քաղաքականություն վարելով գործող իշխանությունները միայն վատթարացնում են իրենց առանց այն էլ անմխիթար վիճակը։ «Թե ինչ ճանապարհով կազատեն քաղբանտարկյալներին ինձ չի հետաքրքրում, կարևորն այնէ, որ նրանք շուտ ազատվեն», նշել է Զուրաբյանը, հավելելով. – « 52 քաղբանտարկյալի առկայությունը անթուլատրելի է Եվրոխորհուրդի անդամ ժողովրդավարական երկրի համար»:



























