Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հրահրման հնարավորությունը մեծ է, եւ այդ իրավիճակը մեծապես հետեւանք է Երեւանի անողնաշար կեցվածքի: Նոյեմբերի 4-ին կայացած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:
Նրա խոսքով, իրավիճակը կարող է փրկել Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: «Դա որոշակիություն կմտցնի Ղարաբաղի շուրջ իրավիճակում եւ մեծապես կնպաստի լարվածության թուլացմանը»,- հավաստիացրել է փորձագետը:
Միաժամանակ նա նշել է, որ այժմ ղարաբաղյան խնդրի շուրջ պատային իրավիճակ է ստեղծվել, քանի որ կողմերից եւ ոչ մեկը չի ցանկանում փոխզիջման գնալ: Արդյունքում երկուսն էլ ջանքեր են գործադրում ստատուս-քվոյի պահպանման համար՝ այդ հարցում «դաշնակցելով իրար հետ»:
Ըստ Սարգսյանի, Ադրբեջանը ժամանակն իզուր չի կորցնում, եւ փորձում է խնդիրը լուծել այլ ձեւաչափերով՝ որոշակի հաջողությունների հասնելով: Ըստ փորձագետի՝ Երեւանը կոնկրետ քաղաքականություն չունի եւ աշխատում է միայն հնարավորինս պահպանել ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ Հայաստանը չունի Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հասնելու կոնկրետ ծրագիր:




























