ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր առանձնազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով Արցախ է ժամանել ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով։
NEWS.am –ին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնել են, որ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ԼՂՀ վարչապետի եւ երկու հայկական պետությունների ֆինանսների նախարարների մասնակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Երկուստեք կարեւորվել է տնտեսական փոխգործակցության շարունակական խորացման անհրաժեշտությունը։ Նույն աղբյուրի մեկ այլ տեղեկատվության համաձայն, այսօր հայկական երկու հանրապետությունների նախագահների միջեւ կայացել է եւս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են տարածաջրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։



















