Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտան խոստացել է հնարավորինս նպաստել պատմականորեն ձեւավորված հայ- ուկրաինական բարեկամական կապերի զարգացմանը բոլոր ուղղություններով: Այս մասին նա ասել է նոյեմբերի 4-ին ԱԺ նախագահ հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությոնից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդարանի խոսնակը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու  կապակցությամբ  եւ հաջողություններ մաղթել պաշտոնավարման ընթացքում` վստահություն   հայտնելով, որ  պարոն Կուխտայի գործունեությունը կնպաստի հայ-ուկրաինական  ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը եւ խորացմանը:

Նա բարձր է գնահատել միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորել միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, համագործակցությունը միջազգային կառույցներում եւ փոխգործակցության զարգացումը տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: