Զինծառայող Թաիր Օսմանլիի հայրը՝ Ալի Օսմանլին, որը պնդում է ոստիկանության Եվլախի շրջանային բաժնում որդուն խոշտանգելու մասին, շրջանային դատախազությանը դատի է տվել քրեական գործի հարուցումը մերժելու համար: Այս մասին Turan-ին ասել է «Սումգայիթի երիտասարդների իրավական իրազեկում» հասարակական միավորման ղեկավար Էլչին Մամեդովը, որը տուժողին իրավաբանական օգնություն է ցույց տալիս:
Նրա խոսքով՝ զինվորին զրպարտել եւ նրա դեմ ոստիկանություն է բողոքել հարեւանը: Սերժանտին տարել են զորամասից եւ ոստիկանությունում դաժանաբար ծեծել են:
Չնայած տուժողի բողոքներին, ոստիկանների դեմ ոչ մի միջոցառում չի իրականացվել: Նրա ծնողները բողոքել են Եվլախի շրջանային դատախազություն եւ ՆԳ նախարարություն, սակայն ապարդյուն:
Եվլախի դատախազի տեղակալը մերժել է քրեական գործի հարուցումը, չնայած գործում առկա է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որ սերժանտի մարմնին բռնության հետքեր կան, որոնց ծագման ժամանակը համընկնում է ոստիկանությունում գտնվելու ժամանակին:




























